Վլադիմիր Մնացականյան
Ձեռքի ուժ ունենք, աշխարհը չունի:)
Բազկամարտում շատ նրբություններ չկան, ուժ եւ արագություն է պետք: 72 կգ
քաշային Վլադիմիր Մնացականյանի ձախ ձեռքի ուժն իրեն շատ հաղթանակներ է
բերել ու դեռ պարգեւում է: Մոտ մեկ ամիս առաջ Մոսկվայում կայացած
բազկամարտի Եվրոպայի առաջնությունում մարզիկը կրկին հաղթել ու ոսկե մեդալի է
արժանացել: Չեմպիոնը կատակում է` մի անգամ է պարտվել` կնոջը, փոխարենը
ամենաթանկարժեք մրցանակին է արժանացել. դուստրն արդեն երկու տարեկան է:):
25-ամյա, արմատներով Տավուշի մարզից, Երեւանում ապրող Եվրոպայի չեմպիոնը
պատահական է բազկամարտում հայտնվել:): "13 տարեկանից ձեռքի ուժ եմ կպնում:
Ընկերս երկու օր էր` մարզումների էր հաճախում, գնացի հետը, փորձեցի,
սիրեցի”,- Bravo.am-ին պատմեց Վլադիմիրը:
Վլադիմիրը բազկամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալի է արժանացել
Բազկամարտիկը միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո խելքը, կյանքը սպորտին է
տվել, վերոնշյալ մարզաձեւով է ապրում:): Հայաստանի բազկամարտի հավաքականի
անդամը ներկայումս "Պոլիտեխնիկ” մարզական ակումբում նույն հավաքականին է
մարզում: Սաներից մեկն էլ` Աշոտ Ադամյանը, պատանիների ձախ ձեռքով
մրցումներում կրկին այս տարվա բազկամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե
մեդալի է արժանացել:
Եթե փոքր հասակից զարգացնես ձեռքիդ մկանները, մի քիչ չարչարվես, հաջողությունների կհասնես, ասում է Վլադիմիրը
"Եթե փոքր հասակից զարգացնես ձեռքիդ մկանները, մի քիչ չարչարվես,
հաջողությունների կհասնես: Մեծ տարիքում դժվար է ուժ ձեռք բերել: Ես էլ
մարզումների արդյունքում եմ այս մակարդակին հասել: Ամբողջ մարմնի մկաններն
ենք մարզում, բայց ձեռքի վարժությունները ամենակարեւորն են: Եկեք տանեմ,
ցույց տամ, պետք է անպայման մարզումները տեսնել:)”,- ասաց Վլադիմիր
Մնացականյանը:
"Տո բոլոր ազգերից էլ ուժեղ ենք:)”. Վլադիմիր Մնացականյան
Դաստակներդ ուժե՞ղ են, պայքարիր:): Հայերի շրջանում բազկամարտը մեծ
պահանջարկ ունի, զարգացած է: Վլադիմիր Մնացականյանն ասում է` մոտ 350
մարզիկ ունենք Հայաստանում, Գեղարքունիքի, Տավուշի մարզի, Արցախի
բազկամարտիկներն են բավական ուժեղ:
Վնասվածքների ժամանակ Վլադիմիրին օգնության է հասնում չեմպիոնի ընկերը` վնասվածքաբան Հայկ Աղամալյանը
"Բազկամարտում կարեւոր չէ մեծ ձեռքեր ունենալ, կարող ես նիհարակազմ
լինել, բայց այնքան արագություն ունենաս, որ ուժեղին հաղթես: Լրիվ
արագության վրա է հիմնված: Հրահանգը լսելուց` հենց "գոու”-ի գ-ն լսելուց
մի վայրկյանում պետք է արագությունը բացես, այլապես կպարտվես”,- նշեց
բազկամարտի Եվրոպայի չեմպիոնը:
Վլադիմիր Մնացականյանի հաղթարշավը 2000 թվականից է սկսվել:). "Տասնվեց
տարեկանում Հայաստանի չեմպիոն դարձա, բազում մրցաշարերի մրցանակակիր եմ
եղել: 2007 թվականին բազկամարտի աշխարհի չեմպիոն եմ դարձել, նույն թվականին
աշխարհի գավաթի արժանացել: Հայերը ձեռքի ուժով տո բոլոր ազգերից էլ ուժեղ
են:)”:
Հայկ Աղամալյանը գիտի բազկամարտի Եվրոպայի հայ չեմպիոնի թերությունները:)
Բազկամարտն ամենատարածված ու ազարտային սպորտաձեւերից մեկն է, ու ձեռքի
ուժ կպնել կարելի է ցանկացած պայմաններում: "Տղեքով նստած են լինում, չեն
ասում` արի բարբա կպնենք, շտանգա բարձրացնենք, ցատկենք, ձեռքի ուժ են
կպնում: Հենց էս պահին, այս սրճարանում էլ ուրիշ ի՞նչ սպորտաձեւով կարող
ենք զբաղվել:)”,- ասում է Վլադիմիր Մնացականյանն ու նշում, որ իր բոլոր
սաների հետ ձեռքի ուժ է կպնում, ընկերներն էլ, ծանոթներն էլ են ուզում
աշխարհի չեմպիոնի հետ իրենց ուժերը փորձել, անգամ աղջիկները, բայց.
"Տղաների դեպքում չի ստացվում, ուր մնաց աղջիկները կարողանան հաղթել:):
Ընտանիքի անդամներն ընդհանրապես ձեռքիս ուժը չեն փորձում. վախենում են
կոտրվածքներ ստանալ:)”:
Աղջիկներից խոսվեց, նշենք, որ բազկամարտով հետաքրքրվող ու զբաղվող
իգական սեռի հայ ներկայացուցիչները շատ քիչ են: "Մի քանի աղջիկ կա այս
սպորտաձեւով զբաղվող: Հայ աղջիկները չգիտեմ` ինչու ուժային սպորտաձեւերին
ուրիշ ձեւ են նայում, լավ չեն նայում, մրցումների չեն մասնակցում: Բացի
այդ, շատ մասնակից էլ չկա, որ չեմպիոնատ կազմակերպենք”,- նշեց Վլադիմիր
Մնացականյանը:
Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Մնացականյանը
Բազկամարտում էլ վնասվածքներից չես խուսափի, մկանային ցավերը կան ու
կան, երբեմն կոտրվածքներ էլ են լինում: Վլադիմիրը երբեւէ վնասվածք չի
ստացել, միմիայն մրցանակներ:): Իսկ վնասվածներին օգնության է հասնում
չեմպիոնի ընկերը` վնասվածքաբան Հայկ Աղամալյանը: Արմռեստլինգը կամ
բազկամարտը բժշկի հոբբին է. "Բազկամարտը կարելի է համարել
ամենատղամարդկային սպորտաձեւը: Ուժեղ ես, հաղթի, բազկիդ ուժը ցույց տուր,
այդքան բան: Վլադիմիրի հետ երկու օրը մեկ մրցում ենք, մի քանի ամիս առաջ
անընդհատ հաղթում էի իրեն, հետո չգիտես` ինչու, ինքը սկսեց ինձ հաղթել,
որովհետեւ քաշը բարձրացրել է:): Ի դեպ, մի գաղտնիք բացեմ, որոշել ենք, որ
հաջորդ մրցումներում Վլադիմիրը ավելի բարձր քաշային կատեգորիայում հանդես
գա: Էլի հավասարը չի ունենա:)”:
Վլադիմիր Մնացականյան. "Բազկամարտում լրիվ արագության վրա է հիմնված”
Հայկ Աղամալյանը բազկամարտի Եվրոպայի հայ չեմպիոնի թերություններն էլ
ասաց:)."Նա ձախ ձեռքից է ուժեղ: Միջազգային մրցաշարերում միշտ առաջինը ձախ
ձեռքով է խաղում ու միանգամից հաղթում: Էլ աջին հերթ չի հասնում”: Ի դեպ,
Հայաստանի բազկամարտի ֆեդերացիան ներկայումս հեռուստանախագիծ է
իրականացնում` սիրողական "Հայռեստլինգ”: "Հայի ուժ ենք անվանել մրցումները,
մարզերից են շատ մասնակիցներ գալիս, մոտ չորս հարյուր հոգի գրանցվել է.
ուժեղ տղաներ շատ կան: Շուտով պրոֆեսիոնալ մրցաշարեր էլ կանցկացնենք”,-
նշեց Վլադիմիր Մնացականյանը:
Վլադիմիրը աշխարհի չեմպիոնի կոչում ստանալուց հետո էլ մեքենայով,
բնակարանով չի պարգեւատրվել ոչ անհատների, ոչ էլ պետության կողմից:). "Շատ
բարդ հարց տվեցիր, սպասում ենք…
”: Նա նոյեմբերին պատրաստվում է մասնակցել բազկամարտի աշխարհի գավաթի
խաղարկությանը, դեկտեմբերի 5-ին էլ` Աշխարհի առաջնությանը, որը տեղի
կունենա Միացյալ Նահանգներում: Դուստրը այնքան էլ չի հետաքրքրվում հոր
սպորտաձեւով, Վլադիմիրն ասում է` պետք էլ չի, հիմա կփորձի մի տղա ունենալ
ու ապագա աշխարհի չեմպիոն դաստիարակել:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Վլադիմիր Մնացականյանի անձնական արխիվից
|