Նորաստեղծ բազկամարտի երիտասարդական միությունը (հիմնադրվել է 2011 թ փետրվարի 4-ին) իր գործունեությունը սկսեց ՀՀ ուսանողական առաջնության անցկացումով:
Այդ մրցումներին մասնակցեցին 25 պետական եւ ոչ պետական բուհերի ներկայացուցիչներ: Հաղթող ճանաչվեց Երեւանի պետական համալսարանի թիմը:
Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց ԲԵՄ-ի նախագահ Արտավազդ Նալբանդյանը, իրենք չեն հարում որևէ կուսակցության կամ այլ քաղաքական կառույցի, եւ իրենց միակ նպատակը այդ մարզաձեւը հանրապետությունում զարգացնելն է:
«Բազկամարտը աշխարհի ամենահին եւ ամենադիտարժան սպորտաձեւերից է: Այն բնորոշ է մեր ազգին, այդ իսկ պատճառով մենք այս տարի նախատեսել ենք մի շարք սպորտային միջոցառումներ»,-ասել է նա:
Հավելենք, որ միությունն արդեն կազմել է մրցումների ժամանակացույցը: Մասնավորապես` մայիսին Նինոծմինդայում (Վրաստան) կանցկացվի «Ջավախքի գավաթ» միջազգային մրցաշարը: Նախատեսված է կազմակերպել առաջնություններ հանրապետության տարբեր մարզերում եւ Երեւանում: