Լիտվայում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 9 մեդալ:
Մինչեւ 21 տարեկան բազկամարտիկների մրցումներում 60 կգ քաշային Աշոտ Ադամյանը ձախ ձեռքով հաղթեց իր մրցակիցներին եւ գրավեց առաջին տեղը: Աջ ձեռքով մեր երիտասարդ մարզիկը զբաղեցրեց 2-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց նաեւ Դավիթ Ներսիսյանը, որը հաղթեց գրոսմայստերների 75 կգ քաշային կարգում, աջ ձեռքով: Նա միաժամանակ արծաթե մեդալ նվաճեց ձախ ձեռքով:
Մեծահասակների առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց Արմեն Չափուխյանը (100 կգ, ձախ ձեռքով): Մեր 4 բազկամարտիկները բավարարվեցին բրոնզե մեդալներով:
Ընդհանուր հաշվարկով՝ Հայաստանը զբաղեցրեց 11-րդ տեղը 26 մասնակից երկրների մեջ: Բազկի ուժով հավասարը չունեին Ռուսաստանի մարզիկ-մարզուհիները, որոնք Լիտվայում նվաճեցին 184 մեդալ (64 ոսկի, 69` արծաթ, 51` բրոնզ):