ՀԱՅ ԲԱԶԿԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԵՑԻՆ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ
Անթալիայում
անցկացված բազկամարտի Եվրոպայի երիտասարդների եւ մեծահասակների
առաջնությունում հաջող ելույթներ ունեցան հայ բազկամարտիկները: Առաջնության
պարգեւները վիճարկեցին 24 երկրների 367 մարզիկներ: Ինչպես
տեղեկացանք Բազկամարտի երիտասարդական ասոցիացիայի նախագահ
Արտավազդ Նալբանդյանից, Հայաստանն այդ առաջնությունում ներկայացրին 16
բազկամարտիկներ: Գերազանց հանդես եկավ մեծահասակների մրցաշարի մասնակից
Վլադիմիր Մնացականյանը (70 կգ): Ձախ ձեռքով մրցաձեւում հաղթելով
մրցակիցներին, Վլադիմիրը եզրափակիչում պարտության մատնեց նաեւ ռուսաստանցի
Ալեքսանդր Վորոնեցկուն եւ 3-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Իրենց
ելույթներով գոհացրին նաեւ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցած
իջեւանցի բազկամարտիկներ, եղբայրներ Դերենիկ եւ Արման Ստեփանյանները:
Դերենիկը մինչեւ 65 կգ քաշայինների մրցավեճում թե աջ, թե ձախ ձեռքով
մրցաձեւերում հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտվեց ռուսաստանցի Սոսլան
Ախպոլովին եւ արժանացավ արծաթե մեդալների: Իսկ Արմանը մինչեւ 80 կգ քաշային
կարգում ձախ ձեռքով մրցաձեւում գրավեց 3-րդ տեղը:
http://www.azg.am/AM/2011051824
|